Ինդոնեզիայում գրանցված հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը
Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամի հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է The Straits Times պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները, այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցել է 1200-ը:
Թերթի տվյալներով՝ փրկարարները ենթադրում են, որ աղետի հետևանքով կարող է ավելի շատ զոհ լինել, քանի որ սկսել են ստանալ տվյալներ նաև Դունգալա շրջանից, որտեղ էլ գտնվել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը:
Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան ինդոնեզական Սուլավեսի կղզու ափերին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պալու քաղաքի մոտակայքում: Ավելի ուշ նույն տարածաշրջանում ևս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որին հաջորդել են հետցնցումները: Երկրաշարժով պայմանավորված՝ Պալու քաղաքին նաև հզոր ցունամի է հարվածել
Ավելի վաղ հաղորդվել է Պալուում 832 զոհի, ինչպես նաև 900 վիրավորի մասին, սակայն զոհերի թիվը շարունակում է ավելանալ:










