Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել 3 մարդու՝ կոռուպցիայի համար
Իրանում կոռուպցիայի համար մեղադրվող երեք մարդ դատապարտվել է մահապատժի, հաղորդում է տեղական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ դատավճիռը կայացրել են Թեհրանի հատուկ տրիբունալները, որոնք ներկա պահի դրությամբ տարբեր դատավճիռներ են կայացրել 35 «տնտեսական իրավախախտի» գործով՝ նրանցից 32-ին դատապարտելով մինչև 20 տարվա ազատազրկման:
«35 մեղադրյալից երեքը դատապարտվել են մահապատժի «երկրի վրա կոռուպցիայի տարածման» համար»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ դատավճիռներն ի կատար ածվեն, դրանք պետք է հաստատվեն Իրանի Գերագույն դատարանի կողմից: Բոլոր դատավճիռները վերջնական են՝ բացառությամբ մահապատժի դատավճիռների: Մահապատժի դատավճռի բողոքարկման դիմում Գերագույն դատարան կարելի է ներկայացնել 10 օրվա ընթացքում:










