Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի տարածքում. չեզոքացվել են մեծ թվով ահաբեկիչներ

09:41 • 01.10.18

 

Իրանական զինուժը հրթիռային հարված է հասցրել Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին ու նրանց օբյեկտներին, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ հարվածը հասցվել է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետի արևելյան ափի մոտ:

Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրթիռային հարվածը հասցրել է Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի օդատիեզերական դիվիզիան: Գործողության արդյունքում չեզոքացվել է ահաբեկիչների մեծ մասը, կան բազմաթիվ վիրավորներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել՝ դառնալով 28 մարդու մահվան պատճառ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապ ունեցող «Ահվազում հայրենասիրական արաբական ժողովրդավար շարժում»-ը: Կատարվածից 2 օր անց Իրանում ձերբակալվել է 22 կասկածյալ:

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության հետևում կանգնած են «ԱՄՆ-ի կողմից կառավարվող պետությունները, ինչպես նաև Իսրայելը»: