Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 100-ը. կա մեկ զոհ

02:06 • 01.10.18

Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 102-ի: Ինչպես տեղեկացնում է NHK հեռուստաալիքը, թայֆունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը համարվում են անհետ կորած:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Տոտտորի պերֆեկտուրայում թայֆունի հետևանքով ճանապարհին սողանք է տեղի ունեցել ինչն էլ դարձել է մեկ մարդու մահվան պատճառ: Նշվում է, որ սողանքի պահին զոհվածը գտնվել է ավտոմեքենայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր «Տրամիի» հետևանքով 84 տուժածի և մեկ անհետ կորածի մասին: Բացի այդ, խորհուրդ է տրվել 4.3 մլն մարդու տարհանել, ինչպես նաև 269 234 բնակչի պարտադիր տարհանման հրաման է արձակվել: Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: