Կրեմլը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի ու Թոնի Բլերի թատրոն այցի մասին MI6-ի նախկին ղեկավարի խոսքերը
Կրեմլում չգիտեին, որ Մեծ Բրիտանիայի MI6 հետախուզական ծառայությունն է թույլտվություն տալիս իր երկրի վարչապետներին որևէ միջոցառման մասնակցելու համար, օրինակ՝ այլ երկրների առաջնորդների հետ թատրոն գնալը: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով MI6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավի խոսքերը, որն ասել էր, որ 2000 թվականին Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլերը միասին այցելել են Մարիինյան թատրոն:
«Մենք չգիտեինք, որ MI6-ն է թույլտվություն տալիս վարչապետներին այս կամ այն միջոցառումն անցկացնելու համար: Սա նոր տեղեկություն էր: Իսկ մնացածի առումով կասեմ, որ դա մեր մեկնաբանությունների առիթ չի տալիս»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավը պատմել է, որ գերատեսչությունում ափսոսում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել են իշխանության գալ: Մասնավորապես՝ Դիրլավը պատմել է, որ 2000 թվականին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, նրան է դիմել Լոնդոնում գտնվող Պետանվտանգության կոմիտեի (КГБ) սպա և խնդրել է Պուտինի հրավերով կազմակերպել այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի այցը Սանկտ Պետերբուրգ՝ «Պատերազմ և խաղաղություն» օպերայի պրեմիերային:
«Մենք երկար քննարկում ենք ունեցել Լոնդոնում, թե արդյոք Բլերը պետք է ընդունի հրավերը, թե ոչ, և որոշեցինք, որ դա յուրահատուկ և արտասովոր բացում է»,- հայտարարել է MI6-ի նախկին ղեկավարը:
Նա հավելել է, որ այժմ գերատեսչությունում ցավում են, որ «ամրագրել են Պուտինի հեղինակությունը», սակայն այդ պահին Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականաչափ լավ էին:










