Ամերիկյան հեռուստաալիքը եթերից կտրել է Քանյե Ուեսթի՝ Թրամփի մասին խոսքերը (տեսանյութ)

11:24 • 01.10.18

Ամերիկյան NBC հեռուստաալիքը եթերից կտրել է հանրահայտ Saturday Night Live հեռուստաշոուի 44-րդ եթերաշրջանի նկարահանման ժամանակ ռեփեր Քանյե Ուեսթի՝ հաջակցություն նախագահ Դոնալդ Թրամփի ասված խոսքերը:

Կտրված հատվածն իր թվիթերյան էջում հրապարակել է ամերիկացի պրոդյուսեր Մայք Դինը:

«Դուք տեսել եք՝ ինչպես էին նրանք ծիծաղում, գոռում վրաս: Նրանք ծաղրում էին ինձ, ծաղրում էին հետնաբեմում: «Ինչպե՞ս կարող ես հավանել Թրամփին, նա ռասիստ է»՝ ասում էին նրանք: Բայց եթե ռասիզմն ինձ անհանգստացներ, ես շատ վաղուց Ամերիկայից գնացած կլինեի»,-ասում է Ուեսթը կտրված հատվածում:

Հատկանշական է, որ ռեփերն այդ մասին խոսել է Թրամփի նախընտրական քարոզարշավի Make America Great Again կարգախոսով ալ կարմիր գլխարկը գլխին:

Տեսանյութից պարզ է դառնում, որ ռեփերի հայտարարությունից հետո դահլիճում նստած հանդիսատեսը դժգոհություն է հայտնել:

Հատվածի հրապարակումից հետո Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ուեսթին իրեն աջակցելու համար: Միևնույն ժամանակ, Թրամփին զարմացրել է այն հանգամանքը, որ հանդիսատեսը ռեփերին քննադատել է իր քաղաքական հայացքների պատճառով: