Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով ավերված տաճարի փլատակների տակ 34 երեխայի դի է հայտնաբերվել
Ինդոնեզական Սուլավեսի կղզում ցունամիի հետևանքով ավերված տաճարի փլատակների տակ առնվազն 34 երեխայի դի է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Известия»-ն, հայտնել է Կարմիր Խաչի մամուլի քարտուղար Ալիա Արիանին:
Արիանիի խոսքով՝ տարերային աղետը վրա է հասել, երբ երեխաները գտնվել են քրիստոնեական ճամբարում:
Ինչպես նշում է The Guardian-ը, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ ճամբարում աղետի պահին գտնվել է 86 երեխա: Ներկա պահի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն անհրաժեշտ սարքավորումների բացակայության և ցեխի հաստ շերտի պատճառով բոլոր տուժածներին ու զոհերին հայտնաբերելու համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել:
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.1 և 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել է հզոր ցունամին: Հաջորդ օրերին նաև բավական հզոր հետցնցումներ են գրանցվել: Վերջին տվյալներիով՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը:










