Նյու Յորքի օդանավակայանում թռիչքի պատրաստվող ինքնաթիռ է այրվել (տեսանյութ)
Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում Delta ավիաընկերության ինքնաթիռներից մեկը սկսել է այրվել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով New York Post-ին, միջդեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին: Ինքնաթիռը պետք է մեկներ Նյու Յորքից Գանայի մայրաքաղաք Աքրա, սակայն հրդեհի պատճառով չվերթը չեղարկվել է:
Հայտնի է, որ ինքնաթիռը պատրաստվում էր դուրս գալ թռիչքուղի, սակայն գերտաքացման պատճառով դրա արգելակները բռնկվել են ու սկսել այրվել: Ոստիկանության հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես են հրշեջները մարում կրակը: Բարեբախտաբար, հրդեհը հաջողվել է արագ մարել և միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Այնուամենայնիվ՝ փրկարարները ստիպված են եղել տարհանել օդանավի անձնակազմին ու ուղևորներին: Ընդհանուր առմամբ տարհանվել է 208 մարդ, սակայն առայժմ հայտնի չէ, թե նրանք կմեկնեն այլ ինքնաթիռով, թե՝ ոչ:










