ՄԱԿ-ը Գազայի հատվածից դուրս է բերել իր աշխատակիցների մի մասին՝ անվտանգության նկատառումներով

07:25 • 02.10.18

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (ՄԱՕԱԳ) Գազայի հատվածից դուրս է բերել իր օտարերկրյա աշխատակիցների մի մասին՝ անհանգստանալով նրանց անվտանության համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ադնան Աբու Հասանին:

Աշխատակիցները տեղափոխվել են հարևան Իսրայել, ինչը պայմանավորված է եղել ֆինանսական ճգնաժամի պատճառով ՄԱՕԱԳ-ում աշխատանքից ազատված պաղեստինցի աշխատակիցների բողոքի ակցիաներով:

Հաղորդվում է, որ աշխատակիցների մի մասը հարձակումների են ենթարկվել որոշ անձանց կողմից, որոնք դեմ էին հանդես գալիս ֆինանսական ծանր կացության պատճառով ձեռնարկված միջոցներին:

Այնուամենայնիվ՝ գործակալության աշխատակազմի մեծ մասը շարունակում է մնալ Գազայի հատվածում և աշխատել մի տարածաշրջանում, որտեղի դպրոցներից, պոլիկլինիկաներից ու սննդի բաշխման կետերից օգտվում է 1.3 միլիոն մարդ: