Ղրղզստանում նախագահի մասին մեմի հեղինակին կանչել են Գլխավոր դատախազություն՝ բացատրագիր գրելու

16:29 • 02.10.18

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի վերաբերյալ համացանցային մեմի հեղինակ, գրաֆիկական դիզայներ Նիկիտա Տարասենկոն այսօր կանչվել է երկրի գլխավոր դատախազություն՝ բացատրագիր գրելու, գրում է ria.ru-ն:


Օգոստոսին Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել նախագահի հանգստի մասին, որը նա անցկացրել է Իսիկ Կուլ բարձրլեռնային լճի ափին: Լուսանկարներում նա պատկերված է լճի, լողափի ֆոնին և ամենուր լիակատար մենության մեջ է ու սև պաշտոնական կոստյումով: Համացանցի օգտատերերն արձագանքել են լուսանկարներին: Դրանցից ամենաուշագրավը եղել է Տարասենկոյի մեմը, որում ժեենբեկովը մտովի հարցնում է՝ «Որտե՞ղ են բոլոր մարդիկ, հիմա հաստա՞տ ամառ է»:


«Բացատրագրում պետք էր բացատրել այդ մեմերի հումորի իմաստը»,- ասել է նա՝ հավելելով, որ իր դեմ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտե դիմում է գրել մի քաղաքացուհի, որի անունը չի նշվում, որը պահանջել է պաշտպանել երկրի ղեկավարի արժանապատվությունը:


Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝  գերատեսչությունը հիմքեր չի գտել դատարան դիմելու համար: