Ազնավուրի ընտանիքը, Ելիսեյան պալատը և ՀՀ նախագահի ու կառավարության խորհրդականները քննարկում են շանսոնյեին հրաժեշտի արարողության մանրամասները. RTL

15:49 • 02.10.18

Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ կոչեր են հնչել ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպելու վերաբերյալ, ֆրանսիական RTL լրատվամիջոցը նշում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ է նման միջոցառման կազմակերպմանը:

Հրաժեշտի ազգային արարողության կազմակերպմանը կողմ արտահայտվածներից մեկն է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը նշել է, սակայն, որ դա «մեծ մասամբ կախված է նրա ընտանիքի ցանկությունից»:

Թե արդյոք պետք է կազմակերպվի հրաժեշտի ազգային արարողություն, թե սովորական արարողություն, կամ պարզապես պետք է հնչի միայն երկրի ղեկավարի խոսքը, դեռ պարզ չէ:


«Ոչինչ դեռ որոշված չէ, քանի դեռ քննարկումներ են ընթանում շանսոնյեի ընտանիքի և Ելիսեյան պալատի, ինչպես նաև Հայաստանի նախագահի և կառավարության խորհրդականների միջև»,- գրում է լրատվամիջոցը:

RTL-ը նշում է, որ այժմ հայտնի է միայն, որ Հայաստանում նախատեսվում է Ազնավուրի հուղարկավորության օրը սգո օր հայտարարել: Հուղարկավորության օրը, սակայն, դեռ հայտնի չէ:

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:

 

Ազնավուրի ընտանիքը, Ելիսեյան պալատը և ՀՀ նախագահի ու կառավարության խորհրդականները քննարկում են շանսոնյեին հրաժեշտի արարողության մանրամասները. RTL