Բարսելոնայում բողոքի ցույցերին մասնակցել է 180 հազար մարդ. ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Բարսելոնայում անցկացվող բողոքի ցույցերին ու ակցիաներին մասնակցողների թիվը հասել է 180 հազարի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Նշվում է, որ «Վերականգնենք հոկտեմբերի 1-ը» կարգախոսով անցկացվող երթը սկսվել է Կատալոնիայի հրապարակից, որից հետո ցուցարարները շարժվել են դեպի խորհրդարանի շենքը, որտեղ էլ Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավարին՝ Կիմ Տորաին ու խորհրդարանի խոսնակին են հանձնել քվեատուփեր՝ պահանջելով ավարտին հասցնել մեկ տարի առաջ սկսածն ու անկախացնել Կատալոնիան:
Սակայն ակցիաների պաշտոնական մասի ավարտից հետո մասնակիցներից ոմանք սկսել են ոստիկանների ուղղությամբ շշեր ու այլ իրեր նետել,ինչպես նաև պոկել մետաղյա պատնեշները: Անկարգությունների արդյունքում բախումներ են սկսվել ինչպես ցուցարարների և ոստիկանների, այնպես էլ ցուցարարների առանձին խմբերի միջև: Որոշ տեղերում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, իսկ որոշ փողոցներ շրջափակված են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին իսպանական Կատալոնիայում անկախության հանրաքվեի մեկամյա հոբելյանի առթիվ հարյուրավոր բնակիչներ ցույցեր են իրականացրել՝ փակելով փողոցները և երկաթուղային գծերը:










