Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 1234-ի. հրապարակվել են անօդաչուով արված կադրեր (լուսանկարներ)
Ինդոնեզիայում երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը հասել է 1234-ի: Այդ մասին հայտարարել է երկրի բնական աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային վարչության ներկայացուցիչը, հայտնում է Reuters գործակալությունը: Հարյուրավոր մարդիկ դեռևս մնում են փլատակների տակ:
Անօդաչու թռչող սարքով արված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ ավերածություններ են թողել երկրաշարժն ու ցունամին: Մասնավորապես՝ արված կադրերը ցույց են տալիս ցունամիի հետևանքով ափ նետված նավը, ամբողջովին ավերված մզկիթը և շենքերի մեջ հայտնված ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.1 և 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել է հզոր ցունամին: Հաջորդ օրերին ևս բավական հզոր հետցնցումներ են գրանցվել:
Ցունամին ավերել է Պալու և Դոնգալա քաղաքները: Պալուի օդանավակայանում բազմաթիվ չվերթներ են չեղարկվել, քանի որ հարյուրավոր մարդիկ փակել են թռիչքուղին՝ խնդրելով իրենց դուրս հանել կղզուց:





















