Սկրիպալը բրիտանական հետախուզությանը ռուս պաշտոնատար անձանց մասին կոմպրոմատ է փոխանցել. The New York Times
Ռուսական ռազմական հետախուզության նախկին աշխատակից և բրիտանական հետախուզության համար աշխատած Սերգեյ Սկրիպալը, որին 2018 թվականի մարտին փորձել են թունավորել բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ գազով, բրիտանական MI6 արտաքին հետախուզության ծառայությանը տեղեկություններ է փոխանցել ռուսական հետախուզության վերին օղակներում գործող կոռուպցիոն սխեմաների մասին:
Ինչպես գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հոկտեմբերի 2-ին լույս տեսնող լրտեսության մասին գիրքը, Սկրիպալն անցած տարի պատմել է այդ սխեմայի մասին BBC-ի թղթակից Մարք Ուրբանին, որն էլ գրել է «սառը պատերազմի» ժամանակներից հետո լրտեսության մասին գիրքը:
Սկրիպալը հայտնել է, որ ՌԴ ռազմածովային նավատորմի սպաներից մեկը, որն իր հետ ծառայել է ռուսական ռազմական հետախուզությունում և իր պես «բռնվել» է օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելիս, մահացած է հայտնաբերվել 2004 թվականին ռուսական հետախուզության աշխատակիցների հարցաքննությունից հետո:
Ինչպես նշել է Deutsche Welle-ն, բրիտանական հետախուզությունը եզրակացրել է, որ Սկրիպալը խուսափել է նույն ճակատագրից, քանի որ Ռուսաստանում հարցաքննությունների ժամանակ չի նշել կոռուպցիոն սխեմայի մասին, որն ուղղակիորեն կապված է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն, այժմ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակից Նիկոլայ Պատրուշևի հետ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել են իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:
Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:
Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են:










