Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները «Առաջին 50 համբույր» ֆիլմի սյուժեն են հիշեցնում. Իրանի ԱԳՆ

17:52 • 02.10.18

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը և նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սյուժեն, հայտնում է New Yorker-ը:

«Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ, բայց պետք է տեսնել»,- ասել է Զարիֆը՝ խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին:

«Նախ, մենք չենք նյարդայնանում: Այժմ, եթե ամեն ինչ բերի ինչ-որ լուծման, անհրաժեշտ կլինի արդեն եղածի վրա հենվելու հնարավորություն: Այսինքն՝ դուք հիշում եք «Առաջին 50 համբույր» ֆիլմը, երբ հաջորդ օրը դուք ստիպված եք ամեն ինչ նորից սկսել: Մենք չենք կարող: Դա հնարավոր չէ: Պետք է լինեն հարաբերություններ՝ հիմնված որոշակի սկզբունքների վրա»,- հավելել է նա:

Նախարարն ընդգծել է, որ չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը՝ «անհրաժեշտ պայմանների առկայության, իսկ ավելի կոնկրետ՝ հուսալիության դեպքում»:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել համաձայնագրից: