Կանադան 1.5 միլիոն դոլար կհատկացնի Ինդոնեզիային
Կանադան 1.5 միլիոն դոլար կհատկացնի մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով տուժածներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Կանադայի կառավարության պաշտոնական կայքին:
«Կանադան խորապես վշտացած է մարդկային զոհերից ու ավերածություններից, որոնք իրենցի հետո թողել են Ինդոնեզիային հարվածած հզոր երկրաշարժն ու ցունամին: Այս արտակարգ օգնությունը կփոխանցվի անմիջապես ապահով մարդասրական գործընկերներին, որոնք աշխատում են օգնության խիստ կարիք ունեցող վայրերում ու բնակավայրերում»,- հայտնել է Կանադայի միջազգային զարգացման նախարար Մարի-Կլոդ Բիբոն:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Կանադայի ավանդը կօգնի ապահովել բնական աղետի հետևանքով տուժած համայնքներին ամենօրյա անհրաժեշտության իրերով, ինչպես նաև սննդով, ջրով, կացարանով ու բուժօգնությամբ:
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում կրկնակի երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6.1 և 7.4 մագնիտուդ ուժգնությամբ, որոնց հաջորդել է հզոր ցունամին: Հաջորդ օրերին նաև բավական հզոր հետցնցումներ են գրանցվել: Վերջին տվյալներիով՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 1234-ի:










