ԱԺ–ում քվորումն ապահովվեց, նիստը վերսկսվեց. պատգամավորներն ընդունեցին նախօրեին քննարկված նախագծերը

12:37 • 03.10.18

ԱԺ նիստը երկու ժամ ձգձգվելուց հետո ի վերջո վերսկսվեց: Գրանցվել էր 57 պատգամավոր, դահլիճում ներկա պատգամավորների թիվն անհրաժեշտ նվազագույն 53-ից ավելին էր:

Պատգամավորները քվեարկեցին նախորդ օրը քննարկված 5 օրենքի նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 59 կողմ քվեարկությամբ: Նախագծին նաև գրավոր կողմ քվեարկած պատգամավորներ կային:

ԱԺ-ն 59 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 59 կողմ քվեարկությամբ:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 57 կողմ քվեարկությամբ:

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից հեղինակած «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը ևս ընդունվեց 60 կողմ քվեարկությամբ:

Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած կլինի 11 անդամներից. 5 անդամ ՀՀԿ-ից, 3-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ Ելքից և 1 պատգամավոր ՀՅԴ-ից:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ նիստը կշարունակեն 16:30-ին՝ հարցուպատասխանին: