Եթե իրավապահներն իմ՝ «ասֆալտին պառկեցնելու» հորդորը պատշաճ կերպով կատարեին, դա տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Մ. Պողոսյանի և ցուցարարների միջև տեղի ունեցածի մասին

17:45 • 03.10.18

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հարցը վերաբերում էր երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպին, երբ Դեմիրճյան փողոցում «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Միհրան Պողոսյանը և իր հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հարցերին:

«Կխնդրեի պարզաբանել՝ տեղյա՞կ եք միջադեպից, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել»,- հարցրեց նա:  

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղից արձագանքեց. «Իսկ պատգմավորին կարելի՞ է հայհոյել, ձեզ, մեզ կարելի՞ է հայհոյել, իհարկե չի կարելի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին»:

«Եթե պատշաճ կերպով կատարած լինեին՝ երեկվա միջադեպը, կարծում եմ, չէր լինի. ես համոզված եմ, որ իրավապահները բաց թողածն անպայման կլրացնեն»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ երեկ, երբ շփվում էին ՀՀԿ ներկայացուցիչների հետ, և երբ մտավ «ՀՀԿ» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ, ՀՀԿ-ականները հուզված էին, և ինքն ամեն ինչ արեց, որ լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեց:

«Բազմիցս ասել եմ, որ մեր ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն, և երեկ, երբ խոսք էր գնում այն մասին, թե մասնավորապես ինչ եմ ես ակնկալում «ՀՀԿ» խմբակցության պատգամավորներից, ես պարզ արձանագրեցի հետևյալը, որ դուք բողոքում եք, որ սոցցանցերում, հրապարակային և այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում և այլն, և դուք ասում եք, որ սա ատելության քարոզչություն է, և ես էլ ասացի, որ ակնկալում ենք, որ դուք մեզ աջակցեք, որ այդ երևույթը կարողանանք հաղթահարել»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, թե քննությունը կպարզի՝ Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ: «Բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել, և ըստ ամենայնի, եթե այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ, լավ չի հասկացել՝ ինչ կատարվել է այդ սենյակում և ինչ կատարվում է ՀՀ-ում: Երեկ զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձանից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները և հորդորները, որ ԱԺ պատգամավորների ու հատկապես ՀՀԿ-ի նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք, և այս առումով, ես կարծում եմ, որ իսկապես մենք ունենք պրոբլեմ, և եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ –ական, ոչ ՀՀԿ-ական, թեկուզ մեր կուսակցությունից, կապ չունի, որևէ պատգամավոր և նրան ուղեկցող անձ նման պահվածք են ցուցաբերում, կստանան խիստ հակահարված օրենքի կողմից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները բավարարված կզգան դրանից:

«Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևան քաղաքի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել, որ բոլոր նրանց, ովքեր նման արարքների հեղինակներ են, և նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ, ասում եմ, կարող է որ մեր ուժերը այլևս չբավարարեն, որպեսզի ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, այնպես որ ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է կտրուկ գործեն, և իմ տեղեկությունով՝ արդեն իսկ կան բերման ենթարկվածներ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև, պատգամավորները հայհոյել էին ցուցարարներին:

Դեպքի վայրում գտնվող դերասան Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ իրեն ևս քաշքշել են, վնասել են մեքենան։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ: