Խորհրդարանում ընթանում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ուղիղ

16:27 • 03.10.18

Ազգային ժողովում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարությունը նիստին ներկայացել է թերի կազմով, քանի որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ աշխատանքից ազատվել են Կառավարության ՀՅԴ-ական և ԲՀԿ–ական անդամները՝ նախարարներն ու մարզպետները։

Վարչապետի այս քայլը պայմանավորված է վերոնշյալ կուսակցությունների՝ ԱԺ խմբակցությունների կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելով։

Աշխատանքից, մասնավորապես, ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ),  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։

Նշենք, որ պատգամավորների՝ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու կարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգը» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածով:

Պատգամավորները հերթական նստաշրջանի քառօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր և բանավոր հարցերով: