Պենտագոնի փոստային ծառայությունը թունավոր նյութով ծանրոցներ է ստացել

01:13 • 03.10.18

Պենտագոնի փոստային ծառայությունը ստացել է արտասովոր նյութով ծանրոցներ, որի հետագա քննությունը ցույց է տվել, որ այն ռիցին է եղել՝ խիստ վտանգավոր թունավոր նյութ: Այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունում աղբյուրին:

Նշվում է, որ ծանրոցները, որոնք նախատեսված են եղել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և ադմիրալ Ջոն Ռիչարդսոնի համար, հասցվել են պաշտպանության նախարարության փոստային ծառայության շենք, որտեղ էլ հայտնաբերվել են: Պենտագոնի գլխավոր շենք դրանք չեն հասել:

Մասնագետների հետազոտությունների արդյունքներն առայժմ նախնական են, սակայն ենթադրվում է, որ ծանրոցները ռիցին են պարունակել: Հավելյալ անալիզները կանցկացնեն ՀԴԲ-ի փորձագետները:

Ի դեպ, ռիցինը բավական վտանգավոր ֆիտոտոքսին է, որն ունի բուսական ծագում: Թոքերում կամ արյան մեջ հայտնվելու դեպքում այն կարող է հանգեցնել մահվան: