Պուտինը Թրամփին խորհուրդ է տվել հայելու մեջ նայել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար նավթի գների կտրուկ բարձրացման մեղավորներին գտնելու համար հայելու մեջ նայել: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել էներգաարդյունավետության և էներգետիկայի զարգացման միջազգային համաժողովի նիստին, հայտնում է ТАСС-ը:
«Մենք նախագահ Թրամփի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել: Բայց եթե անդրադառնայինք նրա հետ թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե դու ուզում ես գտնել գների աճի մեղավորին, Դոնալդ, պետք է հայելու մեջ նայես»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ ՕՊԵԿ-ի հետ համաձայնագրում խոսք չի գնացել գների աճի մասին, խնդիրը եղել է շուկայի հավասարակշռումը:
«Նման պայմանավորվածությունների պատմության մեջ առաջին անգամ բոլոր մասնակիցները 100 տոկոսով կատարեցին բոլոր պարտավորությունները»,- հավելել է ՌԴ նախագահը:
Իսկ այն, որ այժմ նավթի գներն աճում են, «մեր վաստակը չէ», նշել է Պուտինը՝ հավելելով, որ դրա պատճառն Իրանի վերաբերյալ «անօրինական» որոշումներն են:
Պուտինն ընդգծել է, որ նավթի ընթացիկ գինը հիմնականում Միացյալ Նահանգների վարչակազմի գործունեության հետևանք է:










