Թրամփին նույնպես կասկածելի ծրար են ուղարկել
ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի անվտանգության ապահովմամբ, հայտնաբերել է կասկածելի ծրար, որը նախատեսված է եղել նախագահ Դոնալդ Թրամփի համար, գրում է The Hill-ը:
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի անունով ուղարկված ծրարը գաղտնի ծառայության աշխատակիցները ստացել են մինչ դրա Սպիտակ տանը հայտնվելը: Այժմ իրավապահ մարմինները հետաքննում են այս միջադեպը: Ինչպես նշել է Fox News հեռուստաալիքը, ծրարում կարող էր պարունակված լինել մարդու համար խիստ թունավոր ռիցին նյութը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, գաղտնի ծառայությունն արդեն հաստատել է այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի փոստային ծառայությունը ստացել է արտասովոր նյութով ծանրոցներ, որոնք նախատեսված էին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի և ադմիրալ Ջոն Ռիչարդսոնի համար: Հետագա քննությունը ցույց է տվել, որ դրանցում պարունակվող նյութը ռիցին է եղել՝ խիստ վտանգավոր ֆիտոտոքսին:










