Պատգամավորներ Մ. Պողոսյանի և Ա. Գրիգորյանի մասնակցությամբ  միջադեպից ժամեր անց հինգ հոգի բերման է ենթարկվել՝ վարորդ և թիկնապահներ. Վալերիյ Օսիպյան

13:54 • 04.10.18

Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ, ճիշտ և ժամանակին:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԺ-ում վարչապետը, անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի և Միհրան Պողոսյանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպին, ասել է, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իր հրահանգը, որ որոշ օլիգարխների, նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին».

«Այ, եթե պատշաճ ձևով այդ հրահանգը կատարած լինեին, կարծում եմ՝ երեկվա միջադեպը չէր լինի»,– ասել էր վարչապետը:

«Ինչ վերաբերում է վարչապետի ասած ուժային կառույցներին, ուժային կառույցներից մեկը ոստիկանությունն է, ես ընդունում, եմ որ ոստիկանությունը, հնարավոր է, թերացել է, և ես արդեն տվել եմ համապատասխան հրահանգներ: Իսկ կոնկրետ միջադեպի վերաբերյալ ժամեր անց ունեինք հինգ բերման ենթարկված՝ վարորդ և թիկնապահներ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետը նաև հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ԱԺ պատգամավոր են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը հավանաբար կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
 
Հիշեցնենք, որ hոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև,  պատգամավորները  հայհոյել են ցուցարարներին:

Երեկ միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հարցի վերաբերյալ հայտնեցին, որ միջադեպի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ: