Պերուի նախկին նախագահը հոսպիտալացվել է
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, որին համաներում շնորհելու որոշումը երկրի Գերագույն դատարանը վերջերս չեղարկել էր, չորեքշաբթի հոսպիտլացվել է, գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է Comercio պորտալը, Ֆուխիմորին տեղափոխվել է Լիմայի Centenario հիվանդանոց այն տնից, որտեղ բնակվում էր համաներում ստանալուց հետո: Ավելի վաղ նախկին նախագահի հոսպիտալացման մասին հայտնել է նրա որդին՝ Կենխի Ֆուխիմորին, ով այդ մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Ֆուխիմորին, ով նախագահել է Պերուում 1990-2000 թվականներին, դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման կոռուպցիայի, առնվազն 200 միլիոն դոլարի ապօրինի յուրացման, մարդկանց առևանգման և նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
2017 թվականին անբուժելի և արագ զարգացող հիվանդության պատճառով նրան համաներում է շնորհվել, սակայն 2018 թվականի փետրվարին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հանձնաժողովը պահանջել է չեղարկել այդ որոշումը՝ հայտարարելով, որ Ֆուխիմորիի գործած հանցագործությունները չեն ենթադրում համաներման հնարավորություն:










