Ֆրանսիայում Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը կմեկնարկի ուրբաթ` ժամը 10-ին
Ֆրանսիայում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողությունը կմեկնարկի ուրբաթ՝ ժամը 10-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 12-ին), Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը, գրում է lefigaro.fr-ն: Արարողությունն ուղիղ եթերով կհեռարձակեն ֆրանսիական հեռուստաալիքները և lefigaro.fr կայքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ կունենա Ազնավուրի ընտանիքի անդամների և հրավիրվածների ներկայությամբ:
Բանակցություններից հետո Ազնավուրի ընտանիքն ի վերջո համաձայնել է, որ հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպվի:
Լրատվամիջոցը նշում է, որ երգչի հուղարկավորության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հաղորդվում է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ կոչ են արել Ազնավուրի պատվին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպել, այդ թվում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսեզ Նիսենը և նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ սրտի և շնչառական խնդիրների հետևանքով:










