Ինգուշեթիայում զանգվածային ցույցեր են սկսվել՝ Չեչնիային հողեր հանձնելու համար. ուժայինները սկսել են օդ կրակել (տեսանյութ)

14:22 • 04.10.18

Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում զանգվածային հանրահավաք է սկսվել: Ակտիվիստները երկրի խորհրդարանի շենքի առաջ գտնվող հրապարակում բողոքում են Չեչնիայի հետ սահմանի փոփոխության դեմ, գրում է lenta.ru-ն: Հաղորդվում է, որ ուժայինները սկսել են օդ կրակել, իսկ պատգամավորները տարհանվում են:

Այսօր ավելի վաղ Ինգուշեթիայի խորհրդարանը հաստատել է Չեչնիայի հետ սահմանի մասին համաձայնագիրը, դրա օգտին քվեարկել է 25 պատգամավորից 17-ը:

Համաձայնագրի հաստատումը տեղի է ունեցել Ինգուշեթիայում զանգվածային ցույցերի ֆոնին: Մասնավորապես, ակտիվիստների կարծիքով, Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև հողերի փոխանակումը հավասարազոր չէ:

Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև հողերի փոխանակման մասին համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին՝ երկրների ղեկավարներ Ռամզան Կադիրովի և Յունուս-Բեկ Եվկուրովի միջև:

Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև վարչական սահմանի որոշման վերաբերյալ տարածքային վեճը պարբերաբար առաջանում է 1990-ականների սկզբից ի վեր, երբ Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մեջ մտնող երկու պետություններն առանձնացան իրարից: 1993 թվականին Չեչնիայի և Ինգուշեթիայի ղեկավարներ Ջոխար Դուդաևը և Ռուսլան Աուշևը պայմանագիր են ստորագրել, համաձայն որի Սունժայի շրջանը, բացառությամբ երկու բնակավայրի, անցել է Ինգուշեթիային:

2018 թվականի սեպտեմբերի սկզբին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել Չեչնիայի վարչական սահմանը հստակեցնելու համար հանրապետական պետական հանձնաժողով ստեղծելու մասին: