Թրամփին ու Պենտագոնի ղեկավարին կասկածելի նյութով ծրարներ ուղարկելու գործով մի տղամարդ է ձերբակալվել

03:20 • 04.10.18

Ամերիկյան Յուտա նահանգի Լոգան քաղաքում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին և ադմիրալ Ջոն Ռիչարդսոնին ռիցին պարունակող ծրարներ ուղարկելու մեջ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ The Salt Lake Tribune-ին հղումով:

Ոստիկանությունն արդեն հաստատել է տղամարդու ձերբակալության փաստը, սակայն ՀԴԲ-ն որևէ այլ տեղեկություն չի տրամադրում:

«Կարող ենք հաստատել, որ ՀԴԲ-ն և իրավապահ օրգաններն օպերացիա են իրականացնում: Ներկա պահի դրությամբ սա այն ամենն է, ինչ կարող ենք հաղորդել»,- հայտնել է վարչության ներկայացուցիչն ու հավելել, որ հանրությանը որևէ վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնաբերել է կասկածելի ծրար, որը նախատեսված է եղել նախագահ Դոնալդ Թրամփի համար, իսկ մինչ այդ Պենտագոնի փոստային ծառայությունը ստացել է նմանատիպ ծրարներ՝ նախատեսված ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի և ադմիրալ Ջոն Ռիչարդսոնի համար:

Հետագա քննությունը ցույց է տվել, որ դրանցում պարունակվել է թունավոր նյութ՝ ռիցին, որը մարդու համար խիստ վտանգավոր ֆիտոտոքսին է: