Ճապոնիայում ավելի քան 200 չվերթ է չեղարկվել «Քոնգ-ռեյ» թայֆունի պատճառով

06:07 • 04.10.18

Ճապոնիայի ափերին մոտեցող «Քոնգ-ռեյ» հզոր թայֆունի պատճառով Օկինավա պերֆեկտուրայում այն երկրի այլ հատվածներին կապող 214 ավիաչվերթ է չեղարկվել: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով NHK հեռուստաընկերությանը:

«Քոնգ-ռեյը», որն այս տարածաշրջանում 2018 թվականի արդեն 25-րդ թայֆունն է, Ճապոնիայի ափերին կհասնի հանգստյան օրերին, որից հետո կշարունակի շարժվել Ճապոնական ծովով: Այս պահի դրությամբ այն գտնվում է Միյակոձիմա կղզուց 340 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ճապոնիային է հարվածել նույն հզորության «Տրամի» թայֆունը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել` 200-ը: