ՌԴ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Վրաստանի լաբորատորիաներում կենսաբանական զենք ստեղծելու փորձերի համար
Վրաստանում գործող լաբորատորիաներում առաջնահերթ ամերիկյան հետազոտությունների ցանկում կենսաբանական զենքի ստեղծումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ն ուսումնասիրում է արյամբ սնվող միջատների կողմից փոխանցվող հիվանդություններ: Հետազոտողների հատուկ ուշադրությանն են արժանացել «ժանտախտի ատիպիկ ձևերը»:
Կիրիլովը հավելել է, որ Վրաստանում ամերիկյան կենտրոնի երկու հարկ հատկացված է զինվորականներին, որոնք նաև աշխատում են վտանգավոր վարակներով վարակված հիվանդների հետ:
«Նոր շենքի երկու հարկ ամբողջությամբ հատկացված է ԱՄՆ ցամաքային զորքերի ստորաբաժանումներին, ինչպես նաև գոյություն ունեն առանձնահատուկ վտանգավոր վարակների հարուցիչներով վարակված հիվանդների հետ աշխատանքի համար առանձին գոտիներ»,- ասել է նա:
Կիրիլովը նաև նշել է, որ Վրաստանի քաղաքացիների վրա ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի ընկերության կողմից արտադրվող դեղամիջոցի փորձարկումների ժամանակ 2015 թվականի դեկտեմբերին մահացել է 24, իսկ ավելի ուշ՝ ևս 49 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից պաշտոնական պարզաբանումներ կխնդրի Վրաստանում լաբորատորիայի գործունեության վերաբերյալ, որտեղ, հնարավոր է, մահվան ելքով փորձարկումներ են իրականացվել մարդկանց վրա։
Ռուսական կողմը բազմիցս անհանգստություն է հայտնել «ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ իր բժշկա-կենսաբանական լաբորատորիաների տեղակայման» ուղղությամբ Պենտագոնի իրականացրած գործունեության առնչությամբ։
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն մեղադրել է ԱՄՆ-ին երկրի տարածքում մարդկանց նկատմամբ գաղտնի փորձեր անելու համար։
Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թվականին, Թբիլիսիի արվարձանում, ամերիկյան կառավարական ծրագրով:










