Մալայզիայի նախկին վարչապետի կնոջը, որի տներից 273 մլն դոլարի զարդ ու կանխիկ գումար էր առգրավվել, 17 մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման գործով (լուսանկարներ)
Մալայզիայի 1MDB պետական ներդրումային հիմնադրամում միլիարդների յուրացման գործով քննության տակ գտնվող նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կնոջը՝ չորեքշաբթի ձերբակալված Ռոսմա Մանսորին՝ նույն գործի շրջանակում փողերի լվացման 17 դեպքի առնչությամբ մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դատարանը նրան առաջադրել է 1MDB հիմնադրամից ընդհանուր մոտ 1,7 միլիոն դոլարի յուրացման 17 դեպքի առնչությամբ մեղադրանքներ:
Ռոսմա Մանսորն իրեն մեղավոր չի ճանաչել և պատրաստակամություն է հայտնել պաշտպանվել դատարանում, ինչից հետո դատարանը նրան 240 հազար դոլար գրավի դիմաց ժամանակավոր ազատ է արձակել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին փողերի լվացման գործով 21 մեղադրանք է առաջադրվել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պետական ներդրումային հիմնադրամի հետ կապված 628 միլիոն դոլարը հայտնվել է նրա անձնական բանկային հաշիվներին:
Մայիսին վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Մալայզիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը: Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, որի ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության է եղել 1957 թվականից ի վեր, հայտարարել է, որ ընդունում է «ժողովրդի կամքը»:
Մալայզիայում վարչապետի պաշտոնը ստանձնած Մահաթհիր Մոհամադն, իշխանության գալով, վերաբացել է հիմնադրամի վերաբերյալ հետաքննությունը, որից առնվազն 4,5 միլիարդ դոլար է հափշտակվել, և խոստացել է Նաջիբին դատարանի առաջ կանգնեցնել:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Նաջիբին պատկանող տներում խուզարկություններ են անցկացվել, ինչի արդյունքում ոստիկանությունն առգրավել է ավելի քան 273 մլն դոլարի զարդեղեն, պայուսակ ու կանխիկ գումար: Հատկանշական է, որ բռնագրավված իրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 273 մլն դոլարը՝ չնայած, որ վարչապետ եղած ժամանակ Նաջիբի աշխատավարձը կազմել է ամսական 5.670 դոլար:
Բացի այդ, Նաջիբի բանկային հաշիվներին հայտնաբերվել են 1MDB հիմնադրամի հաշվեհամարներից փոխանցված զգալի միջոցներ:















