Նիդեռլանդները մեղադրել են հետախուզական վարչության աշխատակիցներին MH17-ի կործանման մասին տեղեկությունը գողանալու փորձի համար

18:28 • 04.10.18

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեվելդը հայտարարել է, որ ռուսական գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները փորձել են տեղեկություներ ձեռք բերել Դոնբասում մալայզիական ինքնաթիռի կործանման մասին միջազգային հետաքննությունից:

Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Այդ մասին տեղեկությունը գտնվել է ռուսներից մեկի նոթբուքում, որոնց արտաքսել են երկրից Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա կիբերհարձակում կազմակերպելու փորձի պատճառով, գրում է tvrain.ru-ն:

«Մենք գիտեինք, որ ռուսական հետախուզական ծառայությունները հետաքրքրված են այդ հետաքննությամբ և համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել»,- ասել է պաշտպանության նախարարը:

Ռուսաստանի չորս քաղաքացիները արտաքսվել են 2018 թվականի ապրիլին: Նիդեռլանդների իշխանությունները հայտնել են, որ կասկածյալները նաև փորձել են կազմակերպել Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա կիբերհարձակում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել են նրանց անունները: Նիդեռլանդների տեղեկություններով՝ նրանք դիվանագիտական անձնագրեր են ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից ենթադրաբար Ուկրաինայի արևելքում կործանվել է մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին: 

Փորձագետներն ուսումնասիրել են բոլոր հասանելի պատկերները և պարզել են, որ «Բուկ»-ն ունի մի շարք յուրահատկություններ: Ինչպես հայտնել է Նիդեռլանդների ներկայացուցիչն ինքնաթիռի կործանման երկրորդ հետաքննության նախնական արդյունքների ներկայացման ընթացքում, դրանց միջոցով խումբը կարողացել է ստանալ մատնահետքերը և պարզել է, որ զենիթահրթիռային համալիրը եկել է «Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքի 53-րդ զենիթային բրիգադից»:

ՌԴ ՊՆ-ում պնդում են, որ «Բուկ»-ը պատկանել է Ուկրաինային:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: