«ԱՄՆ-ն նախկինի պես չի ճանաչում Պաղեստին պետությունը». Թրամփի խորհրդական

10:33 • 04.10.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը նախկինի պես չի ճանաչում Պաղեստին պետությունը: Այդ մասին նա ասել է Սպիտակ տանն ունեցած ճեպազրույցի ժամանակ, գրում է TACC գործակալությունը:

«Ներկայում դա պետություն չէ: Այն չի անցնում պետականության՝ միջազգային իրավունքին համապատասխան քննությունը, չի վերահսկում գծված սահմանները, չի կատարում կառավարության նորմալ գործառույթներ: Կան մի շարք պատճառներ, որոնցից ելնելով այն պետություն չի հանդիսանում», - ասել է Բոլթոնը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նման դիրքորոշումն ու հռետորաբանությունը կառուցողական են ու նպաստում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:

Ըստ Թրամփի օգնականի՝ այդ դիրքորոշումը հստակ է ու ճիշտ:

Նա նաև շեշտել է, որ, ինչպես ավելի վաղ նշել է նախագահ Թրամփը, Պաղեստինը կարող է դառնալ պետություն, սակայն դրա համար անհրաժեշտ են դիվանագիտական բանակցություններ Իսրայելի ու այլ երկրների հետ:

Բոլթոնը հիշեցրել է, որ այս դիրքորոշումն ԱՄՆ-ն որդեգրել է դեռ 1988 թվականից, երբ պաղեստինցիները հայտարարեցին իրենց պետության հռչակման մասին: