Գործադիրը դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը

11:24 • 04.10.18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին օրակարգին անցնելուց առաջ նշեց, որ կարևոր որոշումներ պետք է կայացվեն:

«Օրակարգում  է համաներում անցկացնելու մասին որոշման նախագիծը, որը մենք դռնփակ կքննարկենք»,-ասաց նա և պարզաբանեց՝ Ազգային ժողովը դռնփակ է դա քննարկելու հանձնաժողովում, և տրամաբանական չի լինի, որ կառավարությունը այն դռնբաց քննարկի:

Նա նաև նշեց, որ առաջարկելու են Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել, ինչպես նաև օրակարգում ներառված է, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երկու օրը լինի ոչ աշխատանքային: 

Նշենք, որ ըստ օրակարգի Կառավարությունը առաջարկում է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:

Ներկայացված նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: