Սարի թաղի գործը կասեցված է, բայց ամեն ինչ արվելու է, որ այն բացահայտվի բոլոր դրվագներով. ՀՔԾ քննիչը՝ գործի մանրամասների մասին (տեսանյութ)
Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2016-ին Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը, ինչը չի ենթադրում քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների դադարում: Գործի մանրամասների, կասեցման պատճառի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Գարեգին Բեգոյանի հետ, ում վարույթում գտնվում է գործը:
-Մինչ այժմ ի՞նչ է արվել Սարի թաղի գործով, որովհետև գործը կասեցված է, և չնայած գործի կասեցմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Գործով դատապարտվածներ կան, գործը մի քանի մասերի է բաժանված, եթե ամփոփ ներկայացնեք, ի՞նչ է արվել:
-Այո, ուրեմն 2016 թվականի հուլիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, և նախաքննության համար այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Այդ քրեական գործի քննության ընթացքում նաև տվյալներ ստացվեցին այն մասին, որ ոստիկանության ծառայողները, ինչպես Սարի թաղում, այնպես էլ Մովսես Խորենացի փողոցում 2016-ի հուլիսի 29-ին ու 30-ին ենթադրաբար չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները՝ բռնություն և հատուկ միջոց գործադրելով իրենց պաշտոնեական լիազորություններն անցել են: Այս դեպքերի կապակցությամբ ևս առանձին գործ հարուցվեց, և այդ գործերը միացվեցին մեկ վարույթում: Այս մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր է եղել թվով 9-ը անձի, այդ թվում նաև ոստիկանության 1 ծառայողի, մեղադրանքներ առաջադրել կատարած հանցագործությունների համար: 8-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռները ստացել են օրինական ուժ, 9-րդ անձի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է: 2016 թ-ի հուլիսի 30-ից առ այսօր տվյալ գործի նախաքննությունը երբեք չի ընդհատվել, և ասել, որ այս ժամանակվա ընթացքում ՀՔԾ-ն ոչինչ չի արել, անհիմն է, սակայն դա նաև չի նշանակում, որ ՀՔԾ-ն այլևս անելիք չունի:
-Բոլորովին վերջերս ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցվել է, սակայն օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են: Ի՞նչով է պայմանավորված գործի կասեցումը, տվյալ պահին տվյալներ չկա՞ն ՀՔԾ-ի տրամադրության տակ, ինչո՞ւ կասեցվեց:
-Նախ՝ ինչ է նշանակում քրեական գործով վերջնական որոշում: Ես մամուլում հանդիպեցի նյութերի, թե ՀՔԾ-ն գործը փակել է: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախնական քննության ավարտի 3 տարբերակ է սահմանում՝ քրեական գործի վարույթը կարճել, բժշկական բնույթի հարկադրանքի որոշում կայացնել, ինչպես նաև մեղադրական եզրակացություն կազմել, մնացած բոլոր դեպքերում նախնական քննությունը չի ավարտվում: Ես հորդորում եմ, որ իրավապաշտպանները, հասարակական կազմակերպության անդամները ևս մեկ անգամ ուսումնասիրեն առկա տեսանյութերը, և բռնություն գործադրող մահակավոր անձանց, եթե կճանաչեն, ապա հայտնեն ՀՔԾ-ին, միաժամանակ նշեմ, որ անձի գաղտնիությունը կպահպանվի:
-Փաստորեն անձինք չկա՞ն, այդ պատճառո՞վ է վարույթը կասեցվել:
-Այն անձինք էլ, ովքեր դատապարտվել են, հայտնաբերվել են այդ տեսանյութերի ուսումնասիրման արդյունքում: Նաև կան տեսանյութեր, որոնք անորակ են, կամ գլխարկով և այլ կերպ անձի դեմքը փակ է: Բայց, միևնույն է, քննիչը գործի կասեցման փուլում իրավունք ունի քննչական գործողություններ կատարելու: Քրեական գործով տուժողներից Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունների վերաբեյալ էլ նշեմ, որ հայտարարություններ է արել, որոնց մասին քրեական գործի շրջանակներում հարցաքննվելիս չի հայտնել: Ես ծանուցել էի նրան ներկայանալ ՀՔԾ, և երեկ ժամը 10:00-ին պետք է ներկայանար ՀՔԾ, որ եթե լրացումներ ու հավելումներ ուներ, հայտներ: Սակայն պարոն Ղուկասյանը երևի հարկ չի համարել կամ ծանուցում չի ստացել, նա չի ներկայացել ՀՔԾ:
-Անդրիաս Ղուկասյանի կողմից մասնավորապես ի՞նչ հայտարարություններ են արվել, որ հակասում են ՀՔԾ-ի տեսակետին կամ գործում առկա նյութերին:
-Պարոն Ղուկասյանը սեպտեմբերի 28-ին հարցազրույց էր տվել, որում նշել է, որ ՀՔԾ-ին տեսանյութեր ու լուսանկարներ է ներկայացրել, և մեզնից որևէ բարդություն չի ենթադրում պարզել այդ անձանց, նույնացնել այդ անձանց: Ինքը նշել է, որ ինչպես ինքը, այնպես էլ ՀՔԾ-ն տիրապետում են նույն տեղեկատվությանը: Հակառակ դրա նշեմ, որ Անդրիաս Ղուկասյանի փաստաբանը լուսանկարներ է ներկայացրել 2017-ի միայն հուլիսին, իսկ դեպքերը տեղի են ունեցել 2016-ի հուլիսի 29-ին: Դեռևս օգոստոսի 8-ից սկսած իրենց կողմից ներկայացրած նյութերը դարձել են քննության առարկա, և դրանցում պատկերված անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Բացի այդ, պարոն Ղուկասյանի ներկայացուցիչը լուսանկարներ է ներկայացրել, դրան զուգահեռ մեզ միջնորդել է, որպեսզի նշանակենք փորձաքննություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ լուսանկարներում պատկերված անձանց արտաքինը հնարավոր չէ ֆիքսել: Այսինքն, սա խոսում է այն մասին, որ ինչպես Անդրիաս Ղուկասյանը, այնպես էլ նրա ներկայացուցիչը ընդունում են այն հանգամանքը, որ դրանք դեռևս թերի են, մշակման փուլ պետք է անցնեն, որ նրանց արտաքինը հնարավոր լինի ֆիքսել: Այսինքն՝ նման պայմաններում հայտարարել, որ ՀՔԾ-ն և ինքը տիրապետում են նույն ինֆորմացիայի, և ՀՔԾ-ի համար որևէ բարդություն չէ այդ անձանց նույնացնելը, անհիմն է, բացի այդ եթե դու լուսանկարում պատկերված անձին պետք է նույնացնես ինչ-որ մեկի հետ, նախ այդ անձի ինքնությունը պետք է պարզես:
-Ե՞րբ կհայտնեք, որ գործի նախաքննությունն ամբողջովին ավարտվել է, կամ իրատեսական է դա:
-Այո, ինչո՞ւ ոչ, պարզապես գործը բարդություն է իրենից ներկայացնում, բոլորը տեսել են, թե ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել, դրանք մի քանի դեպքերի ամբողջականություն են, գործողությունները շարունակվում են, իսկ թե երբ կավարտվի նախաքննությունը, որևէ մեկը չի կարող ասել: Մի բան կարող եմ պնդել, որ ամեն ինչ արվել և արվում է, որպեսզի քրեական գործը պարզվի իր բոլոր դրվագներով:
-Գործից քանի՞ մաս է առանձնացվել:
-Առանձնացվել է 5 մաս՝ 4-ը՝ լրատվամիջոցների վերաբերյալ, 1-ը՝ քաղաքացու, ում բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողը բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցել է, և այդ դեպքով հուլիսին քրեական գործն ուղարկվեց դատարան: 2016-ից մինչ օրս քրեական գործից առանձնացվում են տարբեր մասեր և ուղարկվում են դատարան:
-Հայաստանում ներքաղաքական իրավիճակից հետո իրավապահ տարբեր մարմիններ հայտնում են, որ հաղորդումները շատացել են: Բացի այդ, անգամ դատարան են բերվում գործեր, որոնք տեղի են ունեցել նախկինում, և որոնց մասին լռել են, կոնկրետ այս դեպքով մայիսից հետո նոր տվյալներ չեն հայտնել ՀՔԾ-ին, որոնց մասին նախկինում լռել են կամ կաշկանդված են եղել հայտնելու համար:
-Ոչ, քանի որ ինչպես նշված իրադարձությունները և դրանցից հետո բազմաթիվ հանձնարարություններ են ուղարկվել հետաքննության տարբեր մարմիններին, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, և չկա այնպիսի փաստ և հանգամանք, որը նախկինում չկար:










