Առաջին փոխվարչապետն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին. զրուցակիցները կարևորել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը

15:38 • 05.10.18

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը և ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: