«Սպասում եմ անալիզների պատասխաններին». Ֆիլիպինների նախագահը պատրաստ է քաղցկեղի դեպքում հեռանալ պաշտոնից

10:06 • 05.10.18

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ լուրջ կասկածներ ունի առողջական վիճակի վերաբերյալ, և եթե պարզի, որ իր մոտ քաղցկեղ է, ապա պատրաստ է հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից:

Ինչպես նշում է Bloomberg-ը, 73-ամյա նախագահն այդ մասին ասել է Ֆիլիպինների ռազմական ակադեմիայում ելույթի ժամանակ:

«Ես չգիտեմ՝ առողջական վիճակս ինչպիսին է, պետք է սպասեմ անալիզների պատասխաններին: Բայց կասեմ, որ եթե դա քաղցկեղ լինի ու այն էլ՝ երրորդ աստիճանի, ապա ոչ մի բուժում: Ես չեմ շարունակի զբաղեցնել այս պաշտոնը»,-հայտարարել է Դուտերտեն՝ մանրամասնելով, որ գնացել է հիվանդանոց ու աղեստամոքսային տրակտի ստուգում անցել, անալիզներ տվել:

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Դուտերտեն խոստովանել էր, որ երիտասարդ տարիքում ալկոհոլի ու ծխախոտի չարաշահման հետևանքով իր մոտ լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Հայտնի է, որ նախագահը խնդիրներ ունի կերակրափողի, ստամոքսի, արյունատար անոթների, ողնաշարի հետ կապված, ինչպես նաև տառապում է միգրենից:

Դուտերտեի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտվելու է 2022թ., սակայն եթե նրա մոտ շատ լուրջ հիվանդություն հայտնաբերվի, նա կարող է իշխանությունը փոխանցել փոխնախագահին: