Վրաստանում ռուս լրագրողներին թույլ չեն տվել ամերիկյան Լուգարի կենտրոն այցելել
Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն մերժել է ռուսական լրատվամիջոցների լրագրողներին Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորատորիա մուտք գործելու դիմումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ վրացի լրագրողներին թույլ են տվել այցելել կենտրոն:
Մամուլի ասուլիսի ժամանակ Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն համաձայնություն էր տվել «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողի խնդրանքին՝ թույլ տալ լրագրողներին ուսումնասիրել լաբորատորիան, սակայն ավելի ուշ գերատեսչությունում փոխել են դիրքորոշումը:
Իմնաձեն, մասնավորապես, նշել է, որ ռուս լրագրողները չեն մտնի լաբորատորիա, քանի որ ռուսական ԶԼՄ-ները բազմիցս հրաժարվել են հրապարակել իրենց տարածած տեղեկությունների մասին վրացական կողմի հերքումները:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտարարել է, որ Վրաստանում գործող լաբորատորիաներում առաջնահերթ ամերիկյան հետազոտությունների ցանկում կենսաբանական զենքի ստեղծումն է:
Ռուսական կողմը բազմիցս անհանգստություն է հայտնել «ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ իր բժշկա-կենսաբանական լաբորատորիաների տեղակայման» ուղղությամբ Պենտագոնի իրականացրած գործունեության առնչությամբ։
Ավելի վաղ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն մեղադրել է ԱՄՆ-ին երկրի տարածքում մարդկանց նկատմամբ գաղտնի փորձեր անելու համար։
Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թվականին, Թբիլիսիի արվարձանում, ամերիկյան կառավարական ծրագրով:










