Սիրիական Թել Աբյադում երեք տարի անց վերաբացվել է ԻՊ-ից ազատագրված տեղի հայկական եկեղեցին (լուսանկարներ)

14:20 • 05.10.18

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի մարզի մեջ մտնող Թել Աբյադի գավառի համանուն կենտրոն-քաղաքում 3 տարվա դադարից հետո կրկին վերաբացվել է տեղի հայկական եկեղեցին, գրում է ANF գործակալությունը:

Հայտնի է, որ եկեղեցին գրավվել ու տարիներ շարունակ որպես զինանոց է օգտագործվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից:

Տեղի հայ համայնքի անդամ Լոսյան Մաթոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Թել Աբյադի ազատագրումից հետո եկեղեցին հնարավոր է դարձել որոշակիորեն վերակառուցել համայնքի սեփական միջոցներով, թեև եկեղեցու որոշ հատվածներ դեռ նորոգման կարիք ունեն:

Տեղացիները պատմել են, որ եկեղեցին ԻՊ-ականներն օգտագործում էին ոչ միայն որպես զենքի պահեստ, այլև կրակային վարժանքներ անցկացնում ներսում: Երեք տարի շարունակ տեղի հայերը ստիպված են եղել իրենց աղոթքներն անցկացնել տանը: