Իսրայելում ոստիկանությունը հարցաքննում է Նեթանյահուին
Իսրայելական ոստիկանությունն ուրբաթ առավոտյան սկսել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի հերթական հարցաքննությունը կաշառակերության և վստահության չարաշահման գործով հետաքննության շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ սա արդեն Իսրայելի վարչապետի 12-րդ հարցաքննությունն է: Այն վերաբերում է «գործ 1000»-ին և «գործ 2000»-ին: Ոստիկանությունը ներկայացնելու է հետաքննության ընթացքում ստացած նոր տեղեկություններ:
Վերջին անգամ Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է Նեթանյահուին օգոստոսին: Այդ ժամանակ հարցաքննությունը վերաբերել է երկրում ամենախոշոր հեռահաղորդակցական «Բեզեկ» ընկերության ղեկավարության հետ նրա մերձավորների կոռուպցիոն կապերի հետաքննությանը:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն որպես կասկածյալ է ներգրավված «գործ 1000» և «գործ 2000» կոչվող երկու գործի շրջանակում: Ոստիկանությունը դատախազությանը դիմել է վարչապետին մեղադրանքներ առաջադրելու առաջարկով:
Իրավապահ մարմինները գործերից մեկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից ավելի քան 280 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը:
Երկրորդ գործը կապված է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանավորվել երկրում ամենախոշոր թերթերից «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանության վարկածով՝ դրա դիմաց Նեթանյահուն առաջարկում էր ընդունել օրենք, որը կսահմանափակեր թերթի հրմնական մրցակցի՝ «Իսրայել Հայոմի» հնարավորությունները:










