ՌԴ-ն ու Հնդկաստանը С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ժամանակ ստորագրվել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագիր: Այդ մասին տեղեկությունը լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ինչպես փոխանցում է ռուսական ТАСС գործակալությունը, համաձայնագիրն արդեն իսկ ստորագրված է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տվյալ գործարքը Հնդկաստանի համար կարժենա 5 մլրդ դոլար:
Օրեր առաջ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, խոսելով ՌԴ ղեկավարի հնդկաստանյան այցի մասին, ընդգծել էր, որ հանդիպումների ընթացքում առանձնահատուկ տեղ կհատկացվի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության թեմային, կողմերը կքննարկեն նաև զինտեխնիկայի համատեղ արտադրման հեռանկարը:
Հիշեցնենք, որ С-400-ի ձեռքբերման մասին համաձայնագիր ՌԴ-ի հետ կնքել է նաև Թուրքիան, ինչը խիստ արձագանքների է արժանացել Արևմուտքի կողմից: Չնայած ՆԱՏՕ-ի պարբերական զգուշացումներին С-400-ի ու ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների անհամատեղելիության մասին՝ Թուրքիան հայտարարել է, որ չի պատրաստվում չեղարկել համաձայնագիրը:










