Ծառուկյանը պիտի ասեր՝ անհրաժեշտ է նոր ԱԺ ընտրություն դեկտեմբերին, ոչ թե ասեր՝ ժողովուրդն ինչ կասի, ոնց կուզի. Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ նա պետք է հրաժեշտ տա քաղաքականությանը:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը` անդրադառնալով հարցին արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը երկակի խաղ չի խաղում` մի կողմից կողմ քվեարկելով ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին՝ արտահերթ ընտրությունների ժամկետների մասին դեմ արտահատվելով, մյուս կողմից էլ օրեր հետո նահանջելով:
«Գագիկ Ծառուկյանը, որպես կուսակցության ղեկավար, իմ խորը համոզմամբ՝ պիտի ասեր, որ անհրաժեշտ է նոր ընտրություն դեկտեմբերին, ոչ թե ասեր՝ ժողովուրդն ինչ կասի, ոնց կուզի: Քաղաքական գործիչը պետք է գնահատական տա, թե ժողովուրդը ինչ կասի, հարցի երկրորդ կողմն է, բայց եթե մարդը ասում է՝ ժողովրդի ցավը տանեմ, ինչ ասեն, նրանց հետ եմ, ուրեմն բարի եղիր, քաղաքականությունից հեռացիր: Քաղաքական գործիչը ժողովրդի հետևից չի գնում, ժողովրդի առաջից է քայլում»,-շեշտեց նա:
Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը պիտի ընտրի միայն ձեռներեցությամբ զբաղվելու տարբերակը, քաղաքականությունն իրենը չէ:
«Պիտի թացը չորից առանձնացնենք. Գագիկ Ծառուկյանը. որպես մարդ ձեռներեց, եթե կուզեք որպես բարեգործ, վաստակած հեղինակություն ունի հասարակության ստվար շերտի մոտ, դա չեմ ուզում չափեմ: Այն բոլոր պատճառները, որ նա փորձում է զբաղվել քաղաքականությամբ վերանում են: Գագիկ Ծառուկյանին հարգանքով եմ վերաբերում, ինչպես ցանկացած հայ մարդու` ոչ ավել , ոչ պակաս: Գագիկ Ծառուկյանի քաղաքականությամբ զբաղվելու արհեստական անհրաժեշտությունը վերացել է, ակնհայտ է, որ իր տեղը չէ: Եթե Գագիկ Ծառուկյանը հեռանա քաղաքականությունից, բազմաթիվ «բլեֆներ» և դրանք կրողներ կվերանան, որը պետք է: Բոլոր նրանց, ում պետք է, որ Գագիկ Ծառուկյանը մնա քաղաքականությունում, ամեն օր նրա վարկն են գցում»,- նկատեց քաղաքագետը:
Վիգեն Խաչատրյանը նշեց, որ ԲՀԿ-ում շատերը պարզապես զրո են: «Եվ կարող է Գագիկ Ծառուկյանը չլինի, նրանցից շատերը իրական քաղաքական ուժում դեմքեր դառնան, դիմազրկվածությունից վերանան: Օբյեկտիվորեն մի քանի խնդիրներ կան պետության մեջ, որ պիտի լուծենք, օրինակ՝ ձեռներեցության և իշխանության սերտաճումը»,-մանրամասնեց նա:
Վիգեն Խաչատրյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն օր առաջ, բոլորը գիտեն, որ ոչ լեգիտիմ խորհրդարան է սա:
Մանրամասները`տեսանյութում:










