«Որոշ մարդիկ ցանկանում են, որ ես ու Պուտինը բռնցքամարտի բռնվենք». Թրամփ
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, որոնք տեղի են ունենալու նոյեմբերին, Հանրապետական կուսակցությանն աջակցելու նպատակով հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Մինեսոտայում ընտրողների հետ, գրում է Daily Express-ը:
Խոսելով իր «սիրելի» թեմայի՝ «կեղծ նորությունների» և ԶԼՄ-ների կողմնապահության մասին՝ ամերիկացի առաջնորդը հիշել է, թե որքան շատ են իրեն մեղադրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ավելորդ համակրանքի համար:
«Նրանք ցանկանում են, որ մենք բռնցքամարտի բռնվենք: Եվ ես կարծում եմ, որ հրաշալիորեն դա կանեի»,- ասել է Թրամփը՝ արժանանալով ներկաների ծափահարություններին:
Միացյալ Նահանգների նախագահը գանգատվել է նաև, որ «կեղծ լրատվամիջոցներն» իրեն անարդարացիորեն մեղադրում են Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հանդեպ վերաբերմունքի համար:
«Նրանք ասում են, որ ես շատ բարի եմ եղել Ռուսաստանի հետ և շատ կոշտ Հս. Կորեայի հետ: Եթե ես շատ կոպիտ լինեի ՌԴ-ի հետ, նրանք կասեին, որ շատ եմ կոշտ: «Ֆեյքային» նորություններ, այդ ամբողջը կեղծ է», - ասել է Թրամփը:
Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում շարունակվում է Ռուսաստանի՝ ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու ու Մոսկվայի միջամտությամբ Թրամփի հաղթանակն ապահովելու կասկածանքով հետաքննությունը: Թեև ՌԴ-ն պարբերաբար հերքում է նման մեղադրանքները, Թրամփը կարծում է, որ այդ հետաքննությամբ իր հակառակորդ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ցանկանում են խաթարել իր նախագահության լեգիտիմությունը:










