Գերմանիայում դատարկում են լճի ջուրը՝ 25 տարի առաջ անհետացած կնոջ մարմինը գտնելու համար

19:42 • 06.10.18

Գերմանիայում մասնագետներն այսօր սկսել են դատարկել Ներքին Սաքսոնիա երկրամասի Շվանեվեդե համայնքի մոտակա լճերից մեկի ջուրը:

Ինչպես հայտնում է DW.com-ը, քննիչներն այդպիսով հույս ունեն, որ աշխատանքների ընթացքում իրենց կհաջողվի գտնել երիտասարդ բրեմենցի կնոջ մարմնի մնացորդները, որն անհետ կորել է 25 տարի առաջ:

Այս տարվա օգոստոսից ի վեր կնոջ այն ժամանակվա կողակիցը կասկածվում է ընկերուհու սպանության մեջ: Վերջինս ներկայում ցուցմունքներ է տալիս: 58-ամյա տղամարդը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:

Հետաքննության վարկածով նա կարող էր հանցագործությունն իրականացնել, քանի որ կինն սպառնում էր թողնել իրեն և իր հետ տանել իրենց փոքր տղային:

Նրա անհետացումից մեկ տարի անց ձկնորսները լճից ծանր քարերով տոպրակ էին դուրս բերել, որում նրա անձնական իրերն ու ամուսնական մատանին էին եղել: Իրականացված աշխատանքների արդյունքում կնոջ մարմինը գտնել չէր հաջողվել:

Դատական լսումների ժամանակ որոշվել է 20 000 խորանարդ մետր ջուր դուրս բերել լճից՝ հույս ունենալով գտնել կամ սպանության գործիքը կամ կնոջ մարմնի մնացորդները: