Tesla-ի արժեթղթերն անկում են գրանցել Մասկի հերթական հայտարարությունից հետո

16:59 • 06.10.18

Tesla-ի արժեթղթերը 7%-ի անկում են գրանցել ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո, որով ծաղրել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC): Այդ մասին են վկայում ամերիկյան Nasdaq ընկերության տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր գրառման մեջ Մասկը հանձնաժողովին մեղադրել է խարդախությունների համար:

Ավելի վաղ Մասկը և հանձնաժողովը համաձայնության են եկել խարդախության համար գործարարին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Համաձայնության պայմաններով՝ Մասկը ստիպված կլինի առնվազն երեք տարով հրաժարվել ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Պայմանավորվածությունների ևս մեկ կետ ենթադրում է Մասկի հաղորդագրությունների վերաբերյալ վերահսկողության նպատակով քայլերի ձեռնարկում:

Բացի դրանից, գործարարը պետք է վճարի 20 միլիոն դոլարի չափ տուգանք: Tesla-ն իր հերթին պետք է նույնչափ գումար վճարի որպես տուգանք:

Մասկի դեմ գործը սկսվել է «սուտ և շփոթեցնող» մի շարք հայտարարություններից հետո, որոնք գործարարն արել է բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող Tesla-ն փակ դարձնելու մտադրության առնչությամբ: Հինգշաբթի հանձնաժողովը հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան բաժնետոմսերը հետ գնելու մտադրության մասին նրա հայտարարությունների առնչությամբ: