ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ ՔԿ–ում հարուցվել է քրեական գործ

09:46 • 07.10.18

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնել էին, որ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») մահացած վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Aysor.am-ի տեղեկություններով՝ Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։

Կայքը հայտնում է, որ երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։