Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Վանեցյանի, մերժված հայցում տեխնիկական շտկումներ են արվել. փաստաբան

17:04 • 08.10.18

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դատարանի կողմից վարույթ չընդունվելու հետո կրկին մուտք է արվել դատարան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դատարանում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը:

«Տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վարույթ չէր ընդունվել, սակայն տեխնիկական թերությունը շտկելուց հետո հենց նույն օրը հայցադիմումը մուտք է արվել դատարան: Վարույթ չընդունվելը բովանդակության հետ որևէ առնչություն չուներ»,-ասաց Ալավերդյանը:

Փաստաբանն ասաց, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում էր պահանջել:

Հիշեցնենք, որ դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել:Դատավոր Աիդա Դավթյանը գտել է, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման, որովհետև տվյալ դեպքում հայցադիմումում նշված չեն հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անձնագրային տվյալները, պարզ չէ, թե նշված հասցեն Արթուր Վանեցյանի հաշվառման, թե բնակության վայրի հասցեն է:

Դատավորի որոշման մեջ ասվում էր, որ բացի այդ, տվյալ դեպքում հայցադիմումը վերնագրվել է «զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին», իսկ խնդրառական մասում նշվել է «պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները», այսինքն, հստակ չէ պահանջը:

 

Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Վանեցյանի, մերժված հայցում տեխնիկական շտկումներ են արվել. փաստաբան