Եթե ընդհանուր քաղաքական ուժերը կոնսենսուսով հանգեն նրան, որ կարելի է դեկտեմբերին գնալ արտահերթ ընտրությունների, այդ դեպքում ՀՅԴ-ն կհամաձայնվի. Ս. Սեյրանյան

12:09 • 08.10.18

Մենք երբևէ չենք խանգարի քաղաքական կոնսենսուսի իրակացմանը. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչպիսին կլինի ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու  հարցում:

«Եթե ԸՕ չընդունվի և պայմանավորված ճանապարհային քարտեզն էլ իրականություն չդառնա, բայց ընդհանուր քաղաքական ուժերը կոնսեսուսով հանգեն նրան, որ կարելի է գնալ կոնկրետ ժամանակի հետ կապված արտահերթ ընտրությունների, այդ դեպքում, բնականաբար, կհամաձայնվենք, եթե դա տեղի ունենա երկխոսության, բանակցությունների արդյունքում»,-ասաց նա:

Սեյրանյանը նշեց, որ իրենք այդ դեպքում նաև վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և որևէ կերպ չեն խոչընդոտի ընտրությունների անցկացմանը: «Ինչպես վարչապետն էր ասում «ափալ-թափալ» անցկացնել, ուրեմն՝ թող լինի դեկտեմբերին: Եթե բոլոր ուժերը հանգեն նրան, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և պետք է հուշագիր ստորագրվի, ուրեմն մենք խնդիր չենք տեսնում, եթե հուշագիրը բաղկացած է լինելու մեկ կետից, դա չդարձավ հուշագիր»,-ասաց նա:

Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ իրենք բոլոր ուժերով պայմանավորվել էին ճանապարհային քարտեզ իրականացնել, որից մեկ տարի հետո, գնալ արտահերթ ընտրությունների. այն է՝ պատրաստել Ընտրական օրենսգիրք, որպեսզի հարցերը փակելուց հետո նոր հարցեր չառաջնանան, նաև՝ ոստիկանության ենթակայության փոփոխություն, ստարտային հավասար պայմաններ և այլն:

Անդրադառնալով պնդմանը, թե ժողովուրդն է ուզում, Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց՝ ժողովրդի ցանկությունը չափելու մեկ գործիք գիտի, դա հանրաքվեն է: «Եթե խոսում ենք ժողովրդի անունից, խորհուրդ կտայի հանրաքվե անցկացնել»,-ասաց նա: