Անկարան Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում խուզարկումներ անցկացնելու թույլտվություն է խնդրել

15:12 • 08.10.18

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կրկին կանչվել է երկրի ԱԳՆ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրողի անհետացման հետ կապված: Անկարան Ստամբուլի հյուպատոսությունում խուզարկումներ անցկացնելու թույլտվություն է խնդրել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված հայտնի սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ:


ԶԼՄ-ների թուրք-արաբական ասոցիացիան հայտնել էր, որ լրագրողը, որն աշխատում է ամերիկյան Washington Post-ի համար, անհետացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո:


Աղբյուրը, հղում անելով սաուդացի լրագրողի հարսնացուին, տեղեկացրել է, որ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն օրերս լրագրողին հրավիրել էին փաստաթղթեր ձևակերպելու համար, իսկ իրեն շենքի տարածք մտնել թույլ չեն տվել: Հինգ ժամ սպասելուց հետո հյուպատոսության աշխատակիցներից մեկն աղջկան հայտնել է, որ նա արդեն հեռացել է և նրան սպասել պետք չէ:


Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների մոտ առկա տեղեկության համաձայն՝ լրագրողը գտնվում է գլխավոր հյուպատոսության տարածքում: