Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆն ընտրությունների արդյունքում չի անցել Սենատ
Բրազիլիայի ընտրական բարձրագույն դատարանի տվյալները հաստատել են էքզիթ-փոլերի կանխատեսումները. երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը պաշտոնանկ էր արվել, չի անցել խորհրդարանի վերին պալատ՝ Սենատ: Ձայների հաշվարկից հետո, նա զբաղեցրել է չորրորդ տեղը՝ ընտրողների ձայների 15 տոկոսով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բրազիլիայի սենատը 2016 թվականի օգոստոսի 31-ին քվեարկել է Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության օգտին: Առանձին քվեարկության արդյունքում որոշվել է, որ նա չի զրկվի պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
Կիրակի Բրազիլիայում կայացած ընտրությունների ժամանակ երկրի բնակիչներն ընտրել են նոր նախագահի, նահանգապետերի և խորհրդարանականների: Ձայների հաշվարկի արդյունքներով՝ Բրազիլիայի նոր ղեկավարը կորոշվի երկրորդ փուլում, որը կկայանա հոկտեմբերի 28-ին:










