Անկախ նրանից, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ջերմ են, Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը որոշակի բալանսավորման տարրեր է ներառում․ քաղաքագետը՝ Մակրոնի տարածաշրջանային այցի մասին

22:08 • 08.10.18

Հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվացումը պայմանավորված է երկու կողմերի նախաձեռնողականությամբ:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ խոսելով Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տարածաշրջանային այցից եղած սպասումների մասին:

«Ի տարբերությունն նախորդների՝ Մակրոնն ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում: Նույնիսկ այլ երկրներ այցելությունների թվի առումով նկատվում է աճ: Հստակ միտում կա, որ Մակրոնը խնդիր է դրել վերականգնել իր դերակատարումը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի գագաթնաժողովի շրջանակներում: Մինչ այդ նախատեսված է նրա այցը Ադրբեջան: Այցի ընթացքում նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկում, ինչպես նաև՝ Ադրբեջանում ծովային պարեկության նավ կառուցելու մասին ֆրանսիական կողմի հետ պայմանագրի կնքում:

Նարեկ Մինասյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո հայկական դիվանագիտությունը ևս որդեգրել է նախաձեռնողական քաղաքականություն:

«Բնականաբար, արտաքին աշխարհին ընկալելի լինելու համար նախևառաջ պետք է ընկալելի լինել դաշնակից և գործընկեր երկրների համար: Գաղտնիք չէ, որ ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան Հայաստանին ամենամոտ երկրներից մեկն է, և շատ հարցերում, հատկապես Եվրոպայի օրակարգի հետ կապված խնդիրներում, Ֆրանսիայից մենք ստանում ենք աջակցություն»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանը նաև նկատեց, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները կրում են ավանդական բնույթ, ՀՀ անկախացումից հետո Ֆրանսիայի բոլոր նախագահներն այցելել են Հայաստան:

«Չպետք է մոռանալ նաև Ֆրանսիայում Հայաստանի համայնքի դերի մասին, որը բավականին ազդեցիկ է: Թերևս այդ գործոնով է պայմանավորված վերջին զարգացումներից թե՛ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունում, թե՛ Հայաստանում հարաբերությունների ակտիվացման ցանկությունը: Եվ դա կշարունակվի»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝  միևնույն ժամանակ, այս համատեքստում պետք է նկատել, որ անկախ նրանից, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն ջերմ բնույթ, Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը որոշակի բալանսավորման տարրեր է իր մեջ ներառում:

«Եվ թերևս այն հանգամանքը, որ Մակրոնն այցելում է տարածաշրջան, միտված է ցրելու և չեզոքացնելու այն մեղադրանքները, որ Փարիզը վարում է միակողմանի քաղաքականություն, Փարիզն առաջին հերթին Հայաստանի գործընկերն է, հետո Ադրբեջանի: Նման մեղադրանքներ կարող են լինել, Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս քննադատությամբ՝ ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, թե ունենալով հայկական մեծ համայնք, ինչպես կարող են լինել չեզոք, անկողմնակալ»,- ասաց նա:

Իսկ ընդհանրապես, ըստ Նարեկ Մինասյանի, ոչ պրոֆեսիոնալ է  որևէ երկրի քաղաքականությունը համարել ինչ-որ մի երկրորդ երկրին առավել կողմ: Ֆրանիսային ևս, նրա նկատառմամբ, պետք չէ որակել ո՛չ որպես հայամետ, ո՛չ էլ ադրբեջանամետ երկիր: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ֆրանսիան այնուամենայնիվ ռազմական համագործակցություն է ծավալում Ադրբեջանի հետ, քաղաքագետը նշեց՝ իհարկե,  հայկական կողմը ավելի քան շահագրգռված է,  որ ֆրանս-ադրբեջանական համագործակցությունը չծավալվի, օրինակ՝ ռազմական ոլորտում:

«Որովհետև երբ Եվրամիության անդամ երկրներից քեզ գործընկերն է զենք վաճառում, դա որոշակի իմիջային հարց է, և նաև ազդանշան է այլ երկրներին, որ եթե դաշնակիցը վաճառում է, իրենք էլ կարող են ազատորեն վաճառել: Ե՛վ խորհրդանշական, և՛ գործնական առումով դա վնաս է մեզ, ինչին պետք է արձագանքեն մեր արտաքին գերատեսչությունները: Եվ պետք է նկատել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ ուղղությամբ բավականին ակտիվ քաղաքականություն է վարում, որ բացառվեն այնպիսի գործարքները, որոնք կարող են խաթարել և ինչ-որ առումով ստվերել հայ-ֆրանսիական հարաբերությունները»,- ասաց նա:

Մինասյանը նաև նշեց, որ մի բան էլ պետք է նկատել, որ իրականում հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն որքան խորն է, այնքան խորանալու տեղ ունի: Նարեկ Մինասյանի խոսքով՝ ֆրանսիական կողմից Հայաստանը կարող է ակնկալել որոշակի աջակցություն Եվրաինտեգրման գործընթացում, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու, վավերացնելու հարցերում:

«Ակնկալելի է, որ Ֆրանսիան նաև որոշակի աջակցություն Հայաստանին ցույց կտա ժողովրդավարացման հարցում, նաև վիզայի ազատականացման հարցերում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Մակրոնն առավել ընկալվում է որպես տնտեսական, պրագմատիկ գործիչ, և մտավախություն կար, որ նա պետությունների հետ համագործակցությունը զարգացնելիս ավելի շատ հաշվի կառնի տնտեսական կապերը, Նարեկ Մինասյանը պատասխանեց․

«Այո, դա, սակայն, չպետք է հակադրել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հեռանկարի հետ: Ըստ էության, հայ համայնքն ակտիվ համագործակցել է նրա հետ, Մակրոնի կուսակցությունից մենք ունենք ներկայացված հայազգի պատգամավորներ խորհրդարանում, ինչը կրկին լավ հնարավորություն է հայկական հարցերի բարձրացման համար: Միևնույն ժամանակ հայկական կազմակերպությունների հետ  համագործակցություն կա: Ցանկանում եմ նշել Շառլ Ազնավուրի հիշատակի, հուղարկավորության հետ կապված արարողությունը, որը կազմակերպվել էր Մակրոնի նախաձեռնությամբ: Այդ խորհրդանշական քայլը հստակ ուղերձ է Հայաստանին, որ հայկական կողմը ի դեմս Ֆրանսիայի ունի մոտ բարեկամ երկիր: Դա նաև հարգանքի տուրք է Ֆրանսիայի հայ համայնքին, ինչը դրական ընկալվեց և՛ Ֆրանսիայի հայ համայնքի, և՛ Հայաստանի կողմից:  Դա խորհրդանշական խթան կարող է դառնալ հայ-ֆրանսիական հարաբերությունների համար»,- ասաց նա: